Ապրիլի 11-ին ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանություն է տարածել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի՝ Մոսկվա աշխատանքային այցի կապակցությամբ: ԱԳՆ-ում նշել են՝ արդյունավետ բանակցություններ ենք ակնկալում: Դա կարևոր է ոչ միայն հետագա երկկողմ գործակցության հեռանկարների համար, այլև միջազգային ասպարեզում ընդհանուր մթնոլորտի: Ակնհայտ է, որ ռուս-ամերիկյան հարաբերություններն ամենաբարդ շրջանն են ապրում՝ սառը պատերազմի ավարտից հետո: ԱՄՆ նախորդ վարչակազմը հնարավորն արել է հարաբերությունները սրելու համար՝ ջանալով արհեստականորեն կասեցնել Ռուսաստանի ազդեցության աճը միջազգային գործերի վրա և պատժամիջոցներով խարխլել մեր տնտեսական զարգացումը: Դրանից ոչինչ չստացվեց, բայց Վաշինգտոնում ակնհայտ ցուցադրեցին համաշխարհային հեգեմոնիայի ձգտումը, որը արդարացվում էր «Ամերիկայի բացառիկության» մասին դատողություններով, որ պատմական չարագուշակ զուգահեռներ են առաջացնում: Եվ ուկրաինական ճգնաժամը, և սիրիական խնդիրը իրենց ամբողջ ողբերգականությամբ և բարդությամբ, ամենաուղիղ հետևանքն են Բարաք Օբամայի վարչակարգի անպատասխանատու քաղաքականության, որ մտադիր էր արգելակել բազմաբևեռ աշխարհի ձևավորման օբյեկտիվ գործընթացը:
Ռուսաստանին մեղադրելու փորձերը, որ ձեռնարկել ու ձեռնարկում է ԱՄՆ քաղաքական իստեբլիշմենտը, երեսպաշտ են: Մենք չենք սադրել հակասահմանադրական հեղաշրջումը ՈՒկրաինայում, մենք չենք վառել ասպես կոչված «արաբական գարնան» կրակը: Ռուսաստանը, բնականաբար, չի պատրաստվում անտեսել իր օրինական շահերը և պատրաստ է համագործակցության միայն իրավահավասար հիմքերով, որ հիմա ոչ բոլորի սրտով է Վաշինգտոնում: Մենք, սակայն, բաց ենք եղել ու բաց ենք առավելագույնս անկեղծ երկխոսության ԱՄՆ-ի հետ երկկողմ ու միջազգային օրակարգի ցանկացած հարցով և համատեղ աշխատանքի բոլոր ոլորտներում, որտեղ կան համընկնումներ: Իսկ դրանք քիչ չեն՝ պայքար ահաբեկչության դեմ, տարածաշրջանային կոնֆլիկտների կարգավորում, տնտեսական աճի ապահովում և այլ ոլորտներ, որտեղ ռուսական և ամերիկյան ջանքերի համատեղումը օգուտ կլինի ոչ միայն մեր ժողովուրդներին, այլև ամբողջ մարդկությանը: Այդ պատճառով բանակցություններում առաջին հերթին ցանկալի է հասկանալ՝ որքանո՞վ է ընդհանրապես ԱՄՆ-ը գիտակցում երկկողմ հարաբերությունների կայունացման ու նորմալացման անհրաժեշտությունը: Մեր ելակետն է, որ այդ հարաբերություններում «դադարը» անթույլատրելի է՝ հաշվի առնելով մեր երկրների հատուկ պատասխանատվությունը միջազգային անվտանգության և ռազմավարական կայունության պահպանման համար: Այդ համատեքստում ծագում է տրամաբանական հարց՝ ծրագրո՞ւմ է Վաշինգտոնը անցնել ռեալ համագործակցության մեզ հետ ահաբեկչության հակազդման մեջ, այդ թվում՝ Սիրիայում:
Վերջերս ԱՄՆ-ի հրթիռակոծումը սիրիական կառավարական ուժերի «Շայրաթ» ավիաբազայի, որ իրենից ներկայացնում էր ագրեսիայի ակտ ինքնիշխան պետության դեմ՝ խախտելով միջազգային իրավունքը, ավելի շուտ տանում է դեպի ահաբեկչության ուժեղացում: Հաստատուն հույս ունենք, որ Վաշինգտոնը կհամաձայնի օբյեկտիվ հետաքննության քիմական թունավորման միջադեպի ուսումնասիրման համար ապրիլի 4-ին սիրիական Խան Շեյխունում: Արևմուտքում առանց ապացույցների մեղադրեցին Սիրիայի իշխանություններին, թեպետ այդ շրջանում գործում են Ջաբհատ ան Նուսրայի զինյալները, որ զբաղվում էին թունավոր նյութերով լցոնված ֆուգասների պատրաստմամբ: Այդ համապատկերում զարմացնում է Վաշինգտոնի պասիվ վերաբերմունքը տեղեկություններին, որ ահաբեկիչները Մերձավոր Արևելքում կիրառում են քիմիական զենք: Դա բազմիցս կատարվել է ոչ միայն Սիրիայում, այլև Իրաքում: Հալեպի արևելյան մասի ազատագրումից հետո այնտեղ գտնվեցին պահեստներ, որտեղ էքստրեմիստները պահում էին արգելված նյութեր: Սակայն ԱՄՆ-ը այդ տեղեկություններով չգիտես ինչու չհետաքրքրվեց: Հետաքրքիր է, թե երբ Արևմուտքում, վերջապես, կսահմանազատվեն տխրահռչակ «Սպիտակ սաղավարտներից» և մյուս կեղծ ՀԿ-ներից, որ զբաղվում են բացահայտ ապատեղեկատվության տարածմամբ Սիրիայի իրավիճակի մասին, որ հետո տիրաժավորում են ԶԼՄ-ները: Ցանկալի է հարցնել՝ որքա՞ն երկար դեռ որոշումների ընդունման ժամանակ, որոնք ազդում են Սիրիայի ժողովրդի ճակատագրի վրա, մեր ամերիկացի գործընկերները պիտի ղեկավարվեն իրադարձությունների վայրից ստացված բեմադրված «տեսարաններով»: Հույս ունենք լսել՝ ի՞նչ է ԱՄՆ-ը ծրագրում անել Լիբիայում, որ ՆԱՏՕ-ի երկրների ռազմական միջամտությունից հետո հայտնվեց մասնատման վիճակում, ինչպես Իրաքը: Ո՞րն է հետագա ռազմավարությունը Եմենում, որտեղ ամերիկյան զենքը օգտագործվում է քաղաքների զանգվածային ռմբակոծումների համար, որից զոհվում են խաղաղ բնակիչներ և սրվում է հումանիտար աղետը: Հույս ունենք, որ ԱՄՆ-ը չի հրաժարվի Աֆղանստանի հարցով միջազգային խորհրդակցություններին մասնակցությունից, որի հերթական ռաունդը անցկացվում է ապրիլի 14-ին Մոսկվայում: Բանակցությունների նպատակը ազգային հաշտության գործընթացի մեկնարկին աջակցությունն է այդ բազմատանջ երկրում, որի մասին բազմիցս խոսել ենք մեր ամերիկացի գործընկերների հետ:
Մենք շատ մտահոգ ենք, որ Վաշինգտոնում մտածել են ԿԺԴՀ-ի մասին՝ ակնարկելով միակողմանի ուժային սցենարի կիրառման հնարավորության մասին: Կարևոր է հասկանալ՝ ինչպե՞ս է դա հարաբերվում հավաքական պարտավորությունների հետ Կորեական թերակզղու ապամիջուկայնացման մասին, որ ամրակայված են ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերով:
Առանձնահատուկ հույս ունենք, որ ԱՄՆ-ը կկարողանա, օգտագործելով իր ազդեցությունը Կիևի վրա, չեզոքացնել ուկրաինական «պատերազմի կուսակցության» ռևանշիստական տրամադրությունները: Վաշինգտոնը կարող էր ՈՒկրաինայի իշխանություններին դրդել Մինսկի համաձայնություններով իրենց պարտավորությունների անշեղ կատարմանը, որ կոնֆլիկտի կարգավորման միակ ճանապարհն է, որ հարուցել են արմատական ազգայնականների փորձերը՝ բռնի ուկրաինացնել կյանքի բոլոր ոլորտները այդ բազմազգ երկրում: Հստակ բացատրություններ ենք ակնկալում ԱՄՆ-ի քաղաքականության վերաբերյալ հարցերի ամբողջ համալիրի վերաբերյալ՝ Եվրաատլանտիկայում ռազմավարական կայունության և անվտանգության ապահովման համար:
Ինչ վերաբերում է երկկողմ օրակարգին, նյարդայնացնող գործոնների երկար ցանկը, որ ձևավորվել է Վաշինգտոնի պատճառով, չի կրճատվում: Կուտակված խնդիրները վերացնելու քայլերի բացակայությամբ՝ կպահանջվեն պատասխան միջոցներ փոխադարձության սկզբունքի հիման վրա:
Ընդհանուր առմամբ, ակնկալում ենք, որ պետքարտուղարը իր հետ կբերի փոխադարձ հետաքրքրություն ունեցող հարցերի վերաբերյալ տեսակետներ: Մենք պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման, սակայն նախընտրում ենք այնպիսի աշխատանքը, որը կնվազեցնի միջազգային լարվածությունը, ոչ թե կուժեղացնի: Տրամադրված ենք ոչ թե առճակատման, այլ կառուցողական համագործակցության: Հույս ունենք, որ նույնն է ցանկանում և ամերիկյան կողմը:
Mid.ru
Հ.Գ. Նրանց համար, ովքեր անծանոթ են բանակցելու ռազմավարությանն ու մարտավաությանը, մի քանի հուշում՝ հրապարակված նյութը կարճ կոչվում է զրույցի կետեր և սովորաբար հրապարակման ենթակա չէ: Որպես կանոն, բանակցությունների ժամանակ՝ կողմերը հետևում են այդ կետերին, բայց ազատ են քննարկել ընթացքում ծագած կամ այս կետերում չներառված խնդիրներ, որոնք հրատապ են կողմերից մեկնումեկի համար: Ինչո՞ւ է ՌԴ ԱԳ-ն նման հրապարակում իր զրույցի կետերը՝ նախապես ԱՄՆ պետքարտուղարին նախապատրաստվելու հնարավորություն ընձեռելով: Գործնականում՝ այս հրապարակման հասցեատերը բնավ էլ Ռեքս Թիլերսոնը չէ, այլ ներքին լսարանը, գուցե մի քիչ էլ միջազգային հանրությունը: Սա քաղտեխնոլոգիա է, որ կիրառվում է այն դեպքերում, երբ բանակցություններում հաջողություն չի ակնկալվում և ի սկզբանե պատասխանատվությունը դրվում է մյուս կողմի վրա: Համենայն դեպս՝ խնդիրների դիվանագիտական ձևակերպումները արդեն հուշում են ՌԴ-ի ու ԱՄՆ-ի տեսակետների բացահայտ տարբերությունները, նաև ՌԴ անթաքույց հավակնությունները՝ ԱՄՆ-ի հետ հարաբերվել իբրև հավասարը՝ հավասարի: Չի բացառվում, որ այս զրուցի կետերը մի կողմ դրվեն և բոլորովին այլ խոսակցություն ծավալվի Սերգեյ Լավրովի և Ռեքս Թիլերսոնի միջև:
Համենայն դեպս՝ երեկ Սերգեյ Լավրովը Լուկկա քաղաքից դրական ազդակներ ստացավ, երբ G7-ի երկրների և մերձավորարևելյան 5 պետությունների` Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի և Հորդանանի ԱԳ նախարարները չկարողացան միասնական քաղաքականություն մշակել Սիրիայի հարցում: Մինչդեռ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը ասում էր, որ հանդիպման ընթացքում կարող են նոր պատժամիջոցներ սահմանվել Սիրիայի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Լուկկայում հայտարարեցին, որ չի կարելի Ռուսաստանին անկյուն քշել Սիրիայի հարցում, այլ պետք է համատեղ որոնել լուծումները: Սա, միանշանակ, թուլացնում է Ռեքս Թիլերսոնի բանակցային դիրքերը:
Եթե նկատեցիք, երկկողմ հարաբերություններում պատժամիջոցների վերացման հարցը կոնկրետացված չէր, խոսվում էր նյարդայնացնող ցանկի մասին, բայց հարցը չի կարող չքննարկվել: Տարածաշրջանային խնդիրների քննարկման ընթացքում պարզապես հնարավոր չէ, որ կողմերը չանդրադառնան Թուրքիայի ու Իրանի դիրքորոշումներին, հետևաբար՝ իրենց վերաբերմունքին ու ակնկալիքներին: Նայած բանակցությունների ընթացքին՝ կարող են հասնել նաև լոկալ խնդիրների՝ Լեռնային Ղարաբաղի հարցին՝ իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ, հայ-թուրքական հարաբերություններին և այլն, և այլն:
Հավելեմ, որ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ ԱՄՆ պետքարտուղարի և ՌԴ նախագահի հանդիպում նախատեսված չէ՝ ամեն ինչ, փաստորեն, մնում է Սերգեյ Լավրովի հույսին: Այսօր նրանք հանդիպում են և բոլորովին պարտադիր չէ, որ ՌԴ ԱԳ նախարարը կամ ԱՄՆ պետքարտուղարը հանդիպումից հետո բոլոր փակագծերը բացեն:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ